Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Էրդողանը՝ միապետության ճանապարհին

Էրդողանը՝ միապետության ճանապարհին
02.11.2015 | 13:27

Երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները նախագահ Էրդողանին տվեցին իր ոսկե երազանքը՝ նախագահական կառավարում հաստատելը, իրականացնելու հնարավորություն:

Ընտրատեղամասերը փակվելուց մի քանի ժամ անց Cumhuriyet-ը ներկայացրեց արտահերթ ընտրությունների արդյունքները՝ խորհրդարանում են վերստին 4 կուսակցություններ, ինչպես՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո, փոխվել է ձայների բաշխումը նրանց միջև: Հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել էր 40,9 տոկոսը և 550 պատգամավորով խորհրդարանում ստացել 258 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 49,1 տոկոս և 316 մանդատ։ 58 մանդատի հավելումը (անհրաժեշտ էր առնվազն 276) ԱԶԿ-ին միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն է տալիս։Հունիսի 7-ին ԺՀԿ-ն ստացել էր 25 տոկոս՝ 132 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 25,3 տոկոս՝ 134 մանդատ։ ԱԶԿ-ն և ԺՀԿ-ն իրենց մանդատները հավելել են ի հաշիվ ԱՇԿ-ի և ԺԴԿ-ի: Հունիսի 7-ին ԱՇԿ-ն ստացել էր 16,3 տոկոս՝ 80 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 1,9 տոկոս՝ 41 մանդատ։ ԱՇԿ-ի «կորցրած» 39 մանդատը «գտավ» ԱԶԿ-ն: Հունիսի 7-ին ԺԴԿ-ն ստացել էր 13,01 տոկոս՝ 80 մանդատ։ Նոյեմբերի 1-ին՝ 10,6 տոկոս՝ 59 մանդատ՝ ևս 21 մանդատի «նվեր» ԱԶԿ-ին։
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Star-ը հաղորդեց, որ ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին որոշել է հրաժարական տալ՝ խորհրդարանում կորցնելով 39 մանդատ։ ԺԴԿ համամախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հաջողություն համարեց, որ կուսակցությանը հաջողվել է նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով մտնել խորհրդարան՝ 59 մանդատով։ Դեմիրթաշն Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարեց. «Այս անգամ մենք չենք անցկացրել գովազդային կամպանիա՝ մեզ վրա գործադրված ճնշման պատճառով: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել 10 -տոկոսանոց ընտրաշեմը՝ ստանալով քվեների գրեթե 11 տոկոսն ու խորհրդարանում ձեռք բերելով երրորդ ուժի կարգավիճակ։ Դա հաջողություն է»։
Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ-ի նախագահ Ահմեդ Դավութօղլուն Կոնիայում հայտարարեց. «Այս հաղթանակը մեր ամբողջ ժողովրդի հաղթանակն է։ Մենք երբեք թիկունքով չենք շրջվել ձեզ և չենք շրջվի։ Շնորհակալ ենք ամենադժվարին ժամանակներում, ամենածանր օրերին աջակցելու համար։ Այսօր մեր ժողովրդի հաղթանակի օրն է»։
Ինչպես հունիսին, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խոսեցին բոլոր քաղաքական ուժերը, լռեց միայն նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Եթե հունիսին նա ելքեր էր որոնում, նոյեմբերին վայելում էր հաղթանակը: Անցած հինգ ամիսներին ԱԶԿ-ն պաշտոնապես վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, դեֆակտո նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ արեց հնարավորը՝ երկրորդ ընտրություններում Ազգային մեծ ժողովում 276 մանդատի իրավունքը վերադարձնելու համար: Ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանը շատ ավելի լավ է ճանաչում թուրք ժողովրդին և գիտի անհրաժեշտ լծակների տեղը, պարզապես ամռանը նրան խանգարեց ինքնավստահությունը՝ բթացել էր իշխանական բնազդը տասնամյակներ իշխանության մեջ լինելու հետևանքով: Թուրքիայի նախագահը կարողացավ հունիսից նոյեմբեր երկրում ստեղծել կառավարելի քաոս ու ներկայանալ քաոսի միակ կարգավորիչ: Ի՞նչ էր մնում ընտրողին՝ ընտրել մինչհունիսյան արդարությունն ու զարգացումը, թե հետհունիսյան անարդարությունն ու ահաբեկչությունները, ամենօրյա ձերբակալություններն ու պայթյունները, անջատական տրամադրությունները ամբողջ երկրում: Ընտրությունները վերահսկում էր 380000 ոստիկան, մարտական պատրաստվածության վիճակում էր բանակը: Աշխատեց եթե ոչ վախը, բնազդը՝ հաստատ: Բայց Էրդողանը դեռ պետք է իր հարուցած քաոսը կարգավորի, երկրի կառավարելիությունը վերականգնի: Նրան հաջողվեց խուսափել կոալիցիոն կառավարությունից՝ ստանալով սահմանադրական մեծամասնությունից, Ազգային մեծ ժողովում նա ստացավ կայուն ու ազատության համն առած, իշխանության հոտն առած ընդդիմություն, որ բնավ էլ տոգորված չէ Էրդողանին սուլթան տեսնելու տենչանքով: Հավելեք ժողովրդին, որ մի քանի ամսում մի քանի տարվա քաղաքական պայքարի փորձ ստացավ: Թուրքիան փոխվում է և միայն ԱԶԿ-ն չի ուզում ընդունել՝ ունենալով կայսերական Թուրքիայի մոդել, որին հակառակվում է երկիրը: Միակուսակցական կառավարությունն անհամեմատ հեշտ կառավարելի մեխանիզմ է Էրդողանի ձեռքում, բայց իշխել կառավարությանը և կառավարել երկիրը տարբեր խնդիրներ են: Քրդական հարցը օրակարգում է, օրակարգում է Սիրիայի հարցը: Հիմա ավելի մեծ եռանդով է Էրդողանը փորձելու մասնատել Սիրիան և մեծացնել Թուրքիան: Օրակարգում է ԻՊ-ը: Ինչքա՞ն կարող է Էրդողանը երկակի խաղ խաղալ՝ ԻՊ-ի հետ ու ԻՊ-ի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Ադրբեջանում հաղթեց «Ենի Ազերբայջանը», ընդդիմությունը, որ բոյկոտել էր ընտրությունները, համարում է, որ երեկվա ընտրությունները ամենախայտառակն էին երկրի պատմության մեջ ու չի ընդունում արդյունքները:

Դիտվել է՝ 880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ